Ինչպես միանալ eduroam-ին
eduroam WiFi ծառայությունը տարաբաշխված է և գործում է աշխարհի տարբեր տարածքներում: edruoam-ը տարբերվում է սովորական WiFi միացումից նրանով, որ գույթյուն չունի WiFi-ին միանալու ընդհանուր ծածկագիր, այլ ամեն մեկը միանում է իր անհատական մուտքանունով:
Հետևաբար eduroam-ից օգտվելու համար նախ Ձեր կազմակերպությունը պետք է ներառված լինի այդ ծառայության մեջ և Դուք պետք է անհատական eduroam գրանցում ունենաք Ձեր կազմակերպության ներքո: ASNET-AM ցանցի անդամ հանդիսացող շատ կազմակերպությունների համար կատարվել են համապատասխան կարգավորումներ, որոնց արդյունքում տվյալ կազմակերպության աշխատակիցները կարող են իրենց գործող աշխատանքային էլ. փոստի անունը և գաղտնաբառը օգտագործվել eduroam-ին միանալու համար: Տվյալ դեպքում edruoam-ի համար լրացուցիչ գրանցման որևէ կարիք չկա:
eduroam WiFi-ից օգտվելու համար պետք է նախ կատարել սարքի (հեռախոս, պլանշետ, ...) սկզբնական կարգավորում: Ամեն մի սարքի համար դա պետք է անել միայն մեկ անգամ և այդ պահին անհրաժեշտ կլինի ինտերնետ հասանելիություն տվյալ սարքում: Եթե որևէ սարք ունեցել է eduroam-ի կարգավորումներ, ապա հավանաբար կարիք կլինի մեկ անգամ ևս նորից կարգավորել՝ ստորև նշված խորհուրդների համաձայն:
Նախ համոզվեք, որ eduroam-ի բոլոր նախորդ կարգավորումները հեռացված են սարքից և «eduroam» WiFi-ի համար ջնջվել է նախկինում հնարավոր պահպանված կարգավորումները՝ «forget network»: Հակառակ դեպքում նոր կարգավորումը գուցե չհաջողվի մինչև չհեռացնեք նախորդը:
Սարքի սկզբնական մեկանգամյա կարգավորման համար կարող եք օգտագործել հետևյալ 2 մեթոդներից մեկը.
1. Ձեր սարքում տեղադրեք geteduroam հավելվածը (առկա է https://www.geteduroam.app կայքում, App Store-ում և Google Play-ում)
geteduroam հավելվածը տեղադրելուց և այն բացելուց հետո պետք է գտնեք Ձեր կազմակերպությունը, հավաքելով որոնման դաշտում ինչ-որ բանալի-բառ: Այնուհետև մուտքագրեք ձեր eduroam-ի անունը/գաղտնաբառը և պահպանեք կարգավորումները: Արդյունքում կմիանաք eduroam-ին, երբ գտնվեք «eduroam» WiFi ծածկույթի վայրում (այնտեղ, որտեղ սարքում կտեսնեք «eduroam» անունով WiFi ցանց /տես ստորև տեղեկություն ծածկույթի մասին/):
Այս մեթոդն ավելի հեշտ է, բայց համեմատ նոր է և գուցե որոշ սարքերում չգործի (օրինակ նկատվել է, որ Windows համակարգի համար նախընտրելի է օգտվել ստորև նշված 2-րդ տաբերակից):
Այդ դեպքում, խորհուրդ ենք տալիս անցնել ստորև նշված երկրորդ տարբերակին:
2. Ձեր սարքում բացեք https://cat.eduroam.org կայքը և "Click here to download your eduroam® installer" հղումով տեղադրեք համապատասխան պրոֆայլը:
Մեր կայքում առկա են ուղեցույցներ տարբեր տեսակի սարքերի համար:
Նկատի ունեցեք, որ այս տարբերակի դեպքում նույնպես պետք է ընտրեք Ձեր կազմակերպությունը, որը գտնելու համար բավական է գրել ինչ-որ բանալի-բառ:
ԿԱՐԵՎՈՐ Է.
Եթե մոտ ժամանակ կարիք կունենաք eduroam-ին միանալ արտերկրում, ապա ապահովության համար Ձեր սարքի սկզբնական կարգավորումը ցանկալի է անել նախքան արտասահման մեկնելը, որպեսզի այստեղ համոզվեք, որ կարգավորումն անխափան կատարվել է: Դրանից հետո դուք կկարողանաք միանալ eduroam-ին աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա eduroam WiFi ծածկույթ:
eduroam-ի համաշխարհային ծածկույթը ներկայացված է հետևյալ էջում՝ https://monitor.eduroam.org/map_service_loc.php
Հայաստանում edruoam-ի ներկայիս ծածկույթին կարող եք ծանոթանալ https://www.eduroam.am կայքում:
Ցանկանում ենք Ձեզ կայուն WiFi կապ ամենուր՝ eduroam-ի միջոցով: